
Օր առաջին
Այս օրը լի էր նոր ծանոթություններով և բացահայտումներով՝ հանդիպեցինք բոլոր դպրոցների նոր դասավանդողներով, միասին երգեցինք, պարեցինք, սեղանի թենիս խաղացինք։
Մինչ այս կարծում էի, որ երևի Արևելյան դպրոցի կազմից է, որ ցանկացած հարցում օգնել ցանկացողներ ունեմ, բայց փաստորեն այդ կոնցեպտն ամբողջ Կրթահամալիրում է գործում՝ «People help the people» հայտնի երգի այս բառերը հենց մեր Կրթահամալիրի մասին են։ Այն չի դադարում ինձ զարմացնել ամենօր նորովի։ Անհամբեր սպասում եմ, թե վաղն ինչ նոր բան պետք է փորձեմ։ Իսկ մինչ այդ, եկեք միասին տեսնենք, թե ինչպիսի օր ենք ունեցել մուտքի ճամբարի մանսակիցներս։


Օր երկրորդ
Օրը լի էր հետաքրքիր և ուսուցողական իրադարձություններով։ Պարոն Տիգրանյանը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց մտածելու նախագծային ուսուցման շատ հետաքրքիր, բայց ոչ այնքան դյուրին կարուցվածքի մասին։
Այսօր սովորեցինք ևս մեկ հայկական պար. օր օրի ավելի եմ մոտենում սասունցու արմատներիս. ափսոս՝ պապս չի տեսնում այս օրերը՝ շատ կհպարտանար ինձնով։
Երկրագործությամբ բազմիցս զբաղվել եմ, բայց Կրթահամալիրում այն ավելի խորհրդավոր բնույթ է կրում ինձ համար. երևի մթնոլորտից է՝ բոլորը սիրով են աշխատում։
Եկեք միասին հետևենք այս օրվան նկարների և տեսանյութի միջոցով։


Օր երրորդ
Օրը լի էր սպորտային իրադարձություններով։ Սկսեցինք իմ ամենասիրած սպորտաձևից՝ հեծանվավարությունից։ Շատերի համար այս օրը դարձավ վախերի հաղթահարման օր. ոմանք վախենում էին հեծանիվ վարել, ոմանք էլ լողալ, բայց բոլորն էլ կարողացան հաղթահարել իրենց ֆոբիաները։
Ծանոթացանք ամենաբարի կենդանիների՝ ձիերի հետ։ Ասում են ձիերը մոտենում են միայն բարի մարդկանց, չեն սիրում բացասական էներգիա։ Այսօր շատ եմ հոգնել, բայց երբեք այսքան հաճելի հոգնածություն չէի զգացել։
Օր չորրորդ
Այսօր Կրթահամալիրում ունեցածս ամենահետաքրքիր օրն էր։ Առավոտը սկսեցինք հիանալի գրական ստեղծագործության վերլուծությունից. մտածում եմ գրական ակումբում ընդգրկվելու մասին։ Շարունակեցինք մեր արդեն հարազատ ընկեր Մարինեի հետ ազգային երգ ու պարով։ Ամենօր ավելի ու ավելի եմ մոտենում արմատներիս, անչափ շնորհակալ եմ Կրթահամալիրին նման հնարավորության համար։ Եվ վերջացրինք մեր օրը մասնակցելով գինու պատրաստմանն ու համտեսին, որը տեղի ունեցավ քոլեջում։ Այս տարվա գինին անվանեցինք <<Ոտքերի գինի>>։ Առաջին գինու ծեսն էր, որին երբևէ ականատես եղա․ ինչ խոսք, գինու պատրաստման ավելի գեղեցիկ արարողություն դժվար է պատկերացնել։



Օր հինգերորդ
Վերջին օրը ճամփորդության օր էր։ Քայլերթով հասանք Մուսալեռի հուշակոթող, որտեղ խոսեցինք Մուսալեռան մարտերի մասին։ Ցավոք սրտի Զվարթնոցի տաճար գնալ չստացվեց, հուսով եմ՝ մեկ ուրիշ անգամ կայցելենք։
Քայլելով երկիրդ ճանաչելը մի քանի անգամ ավելի հետաքրքիր է։ Այսուհետ կփորձեմ ավելի շատ քայլել։



Շնորհակալ եմ ընկեր Լուսինեին և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին այս բազմերանգ ու հետաքրքիր շաբաթվա համար և այն բանի, որ հիշեցրեցին՝ բոլորս միշտ, ամենօր պետք է ինքնակրթվենք, սովորենք և զարգանանգ։ Հպարտ եմ, որ Կրթահամալիրի մասնիկը լինելու հնարավորություն ունեմ։


One Reply to “”