
Կարծում եմ, որ քաղաքականությունը և այսօրվա քննարկվող թեման ամենքի խելքի և մտքի բանը չեն։ Ինքս փորձում եմ նման թեմաներով շատ չխոսել, չփաթաթել իմ կարծիքը, չզբաղվել քաղաքականությամբ, քանի որ չեմ համարում ինձ մեկը, ով ունի բավականաչափ գիտելիք տվյալ ոլորտում՝ իրեն խոսելու իրավունք վերապահելու համար։ Սակայն ինչպես վարչական իրավունքի իմ դասագրքում էր ասվում ՝ 《Եթե դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի ձեզնով》։ Ասել է թե միևնույն է ինչ֊որ կերպ կներքաշվենք նման մի քննարկման մեջ և կստիպենք մեր ուղեղներին այդ ուղղությամբ ևս պտտվել։
Կարդացի Պարոն Լիպարիտյանի 3 հոդվածները ու կարող եմ ասել, որ եթե լինեի բավականաչափ կիրթ ու բավականաչափ տիրապետեի իրավիճակին, ինքս կարտահայտվեի նույնությամբ, այլ կերպ ասած՝ ստորագրում են յուրաքանչյուր բառի տակ։
Այո՛, հայերիս խնդիրը երազկոտ լինելն է, ոչ բավարար քաղաքացիական գիտակցություն չունենալը ու շատ ու շատ նմանօրինակ պատճառներ, որոնց Պարոն Լիպարիտյանը շատ գրագետ ու հասկանալի կերպով անրադարձել է իր հոդվածներում։ Մենք այդպես էլ չկարողացանք ճիշտ լիդերներ ընտրել, կարծիք հարցնել ու լսել ճիշտ մարդկանց։ Այնինչ Ժիրայր Լիպարիտյանի դատողության տեր մարդը պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ շատ հասկանալի ու գրագետ ահազանգ էր ուղարկել սպասվողի, ցավոք՝ արդեն կատարվածի վերաբերյալ։ Եվ ուրեմն մի՞ գուցե ժամանակն է լսելու նմանօրինակ մարդկանց, ովքեր մեզանից ավելի շատ են հասկանում, և չկարծել, որ նրանք գործ ունեն ինչ֊որ 6֊րդ զգայարաններրի հետ, այլ հասկանալ, որ իրենք ունեն բավականաչափ դատողություն, կրթություն, մտածողություն և բավարար տիրապետում են ոլորտին։
Կարծում եմ՝ ժամանակն է ինքներս մեզ թափ տալու ու հասկանալու, որ մի տանից 4 հոգի պրոֆեսորներ չեն կարող դուրս գալ. ոչ բոլորս կարող ենք ճիշտ դատել նմանօրինակ թեմաների վերաբերյալ, և ուրեմն ամեն դեպքում ավելի ճիշտ կլինի չանտեսել հասկացողներին ու ճիշտ դիտարկումներ անողներին։
Իսկ մյուս կողմից ամենքս պիտի մեր տեղն իմանանք։ Ես դասավանդող եմ, ես չպիտի մոռանամ, որ բացի իմ առարկան դասավանդելուց, կրթում եմ մի ամբողջ սերունդ․ ինձանից շատ բան է կախված, հետևաբար ինքս պիտի փորձեմ առաջին հերթին փայլել իմ գործի մեջ, իմ սովորողների առաջ և օրինակ լինել մարդու, ով ճիշտ գիտի իր տեղը կյանքում և ինչու չէ իր պետության մեջ ու իր պետության համար։

