
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ամենացայտուն ձևով մյուս պետական դպրոցներից առանձնանում է հենց իր հեղինակային կրթական ծրագրով։ Ի՞նչ է դա նշանակում. դասավանդողը միայն դասավանդող չէ, այլ հեղինակ՝ ով ինքն է ստեղծում, մշակում իր ծրագիրը և սովորողների հետ աշխատելու իր մեթոդները։
Ինքս դեռ շատ բան ունեմ սովորելու ավելի փորձառու հեղինակ ֊ դասավանդողներից։ Սկզբում՝ դեռ դրսից, ամենինչ շատ բարդ ու անհասկանալի էր թվում, բայց հերիք էր ամբողջովին ներառվել ընթացքի և կրթահամալիրյան կյանքի մեջ, իմ առջև քիչ֊քիչ սկսեց բացվել հեղինակային մանկավարժության հետաքրքիր աշխարը։
Առաջին դասարաններում փորձում եմ դասը մաքսիմալ թեթև,շ՝ երգ, պար ու խաղերով անցկացնել։ Ամեն շաբաթ սովորում ենք նոր երգեր և՛ ռուսերենով և անգլերենով։ Փորձում ենք խաղերի միջոցով փոքրիկ երկխոսություններ կազմել, պատմել մեր ընկերների մասին, մեր սիրած ու չսիրած առարկաների և երևույթների մասին։
Երկրորդ դասարաններում, քանի որ արդեն ժամանակն է տառաճանաչության, փորձել եմ պրոցեսը հետաքրքիր դարձնելու համար ներառել նաև երգեր և խաղեր, ինչպես առաջին դասարաններում։ Աշխատում ենք նաև ռուսերեն և անգլերեն գիրք֊տետրերով։ Դրանք դեռ ինքս չեմ կազմել, բայց արդեն աշխատում եմ այդ ուղղությամբ՝ մյուս տարիներին ինքնուրույն կազմվածով աշխատելու համար։ Իսկ հիմա օգտվում եմ իմ ավագ հեղինակ֊դասավանդողների նյութերից, որոնք իհարկե մատուցում եմ իմ մեթոդներով։
Բնականաբար մի քանի ամսում չեմ հասցրել ինձ համար բացահայտել հեղինակային մանկավարժության հետաքրքիր աշխարհն ամբողջությամբ, բայց շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին ինձ դրա հետ ծանոթացնելու և այդ ճանապարհին դնելու համար։

